12 июн. 2016 г.

Ինչպե՞ս են պատկերակները փոխում հաղորդակցության բնույթը


Համացանցային ամենատարբեր հաղորդագրություններում փոքրիկ պատկերակ-խորհրդանիշերը գնալով ավելի կարևոր են դառնում: 
 Ո՞ր նշաններն են օգտագործում գերմանացիներն առավել հաճախ և ինչպե՞ս է դա ազդում լեզվի վրա: Գերմանացիները անհանգստանում են իրենց լեզվի համար: «Ինչո՞ւ մենք գրելիս չենք կարողանում առանց այդ փոքրիկ նշանների» , - հարց է ուղղում լրագրող Յոհաննա Ադորյանը 2015 թվականի հունիսին «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե Ցայթունգ» թերթում: Թվիթեր, ֆեյսբուք, WhatsApp կամ SMS հաղորդագրություն. ամենուր տեքստի, դեմքերի ու խորհրդանիշ-պատկերակների խառնուրդ է: Արդյո՞ք մենք մոռացել ենք՝ ինչպես բառերով մեր մտքերն արտահայտել: Արդյո՞ք նախադասությունները մեզ վստահություն են ներշնչում միայն այդ դեպքում, երբ համեմում ենք դրանք փոքրիկ պատկերակներով: 
 Խոսքը վերաբերում է էմոջիներին՝ փոքրիկ նկարներ, դեմքեր, ձեռքեր, երթևեկության միջոցներ, ուտելիքներ, այս ցանկն ավելանում է տարեցտարի: 
 Փաստացի դրանց թիվն այնքան մեծ է առօրյա հաղորդակցության մեջ, որ անգամ հարց է առաջանում` ի՞նչ է սա, մի նոր լեզու, թե՞ ժամանակակից հիերոգլիֆներ, որոնց միջոցով շատ շուտով գուցե նաև առանց տեքստի էլ հնարավոր լինի գլուխ հանել:
 «Մենք մի շատ հետաքրքրական միտումի հետ գործ ունենք», - գտնում է լեզվաբան Միխայել Բայսվենգերը, ով արդեն մի քանի տարի է, ինչ ուսումնասիրում է համացանցային հաղորդակցությունը: Ըստ նրա՝ պատկերակները տեքստերի կիրառության մեջ տեղի ունեցող փոփոխությունների արտահայտումն են: «Առցանց խոսակցությունները գնալով ավելի են նմանվում բանավոր հաղորդակցությանը: Միևնույն ժամանակ, անշուշտ, գոյություն ունի հսկայական տարբերություն գրելու և խոսելու միջև: Տեքստերի դեպքում բացակայում են միմիկան ու ժեստերը: Պատկերների միջոցով փորձ է արվում լրացել այդ բացը» :

 Էմոջիները հարստացնում են խոսակցությունը

 Բայսվենգերը ամենևին էլ զարմացած չէ նրանից, որ այդ միտումը հատկապես Գերմանիայում է քննադատաբար ընդունվում: «Լեզվի կազմալուծման թեզը տասնամյակներ շարունակ ուրվականի պես շրջում է հասարակության մեջ» : Սակայն այդ մտահոգությունը երբեք էլ համոզիչ հիմքեր չի ունեցել: «Լեզուն բառերի աբստրակտ միավորում չէ, որի որակի համար մենք՝ որպես լեզուն կիրառողներ, պատասխանատու ենք: Այն մշտապես ծառայում է խոսողներին: Անմիտ կլիներ կարծել, թե լեզուն այն աստիճանի կփոփոխվի, որ ավելի քիչ դեր կունենա, քան նախկինում: Ավելի շուտ հակառակը կլինի» :
 Ըստ լեզվաբան Բայսվենգերի՝ էմոջիները հարստացնում են թվային հաղորդակցությունն այն պատճառով, որ գրվածը առավել խոսակցական բնույթ է ստանում: Այն, որ պատկերակները հենց այդ նպատակով են կիրառվում, բոլորովին էլ նոր երևույթ չէ: Գաղափարը նույնքան հին է, որքան ինքը՝ համացանցը: 

 Ժպիտիկների ծնունդը 

 Երբ մարդիկ 1980-ականների սկզբին սկսեցին առցանց ֆորումներում հաղորդակցվել, արագ նկատեցին, որ խնդիր ունեն օրինակ հեգնական հաղորդագրությունները լուրջ հաղորդագրություններից տարբերելու հարցում: Ամերիկացի մասնագետ Սքոթ Ֆալմանը գտավ ելքը: Ժպտացող մի դեմք՝ կազմված վերջակետից, գծիկից ու փակագծից, պետք է ծառայեր որպես հումորի կամ հեգնանքի նշան: Հենց այդ նշանն էլ դարձավ առաջին էմոտիկոնը (հուզապատկերակ): Կետադրական նշաններից կազմված դեմքերը կոնկրետ հույզեր՝ էմոցիաներ են արտահայտում: Այստեղից էլ ծագել է էմոտիկոն՝ էմոցիա և իկոն (պատկեր) հասկացությունը: 
 Փոքր ինչ այլ են էմոջիները, որոնց ցանկը չի սահմանափակվում միայն դեմքերով: Էմոջիները ստեղծվել են 1990-ականների վերջին ճապոնացի մի ինժեների կողմից: 2010 թվականին այդ սիմվոլները ներառվեցին Յունիկոդում: Այդ ժամանակից սկսած` դրանց կիրառությունը համացանցային հաղորդակցություններում տարեցտարի աճում է: Անգամ գովազդային գործակալությունները, թերթերի խմբագրություններն ու հրատարակչությունները փորձում են կիրառել այդ նշանները: 

 Նախասիրությունն ըստ երկրների 

 Միխայել Բայսվենգերի համար էմոջին ուսումնասիրության գրավիչ բնագավառ է: Լեզվաբանը Whats up -Գերմանիա նախագծի մասնակից է: Դորտմունդի Տեխնիկական համալսարանի հետազոտական այս նախագիծը ի թիվս այլ բաների, ուսումնասիրում է էմոջիների կիրառությունը Whats up հաղորդագրություններում: Հետազոտության արդյունքները հայտնի կլինեն 2016 թվականի ընթացքում: Իսկ ահա Բրիտանական Սվիֆտքեյ ծրագրավորման ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքներն արդեն հայտնի են: 2015-ի ապրիլին Սմարթֆոների ու պլանշետների համար Tastatur-App-երի ստեղծող ընկերությունը տվյալներ է հրապարակել 16 պետությունների շուրջ 1 միլիոն օգտատերերի կողմից էմոջիների կիրառության վերաբերյալ: Լրատվամիջոցներն այդ տվյալները ներկայացրին որպես էմոջիների վերաբերյալ համաշխարհային առաջին զեկույց, որը նաև հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այս կամ այն երկրին բնորոշ էմոջի-նախասիրությունների մասին: Ըստ Սվիֆտքեյի կատարած վերլուծության՝ գերմանացիները, ինչպես այլ երկրների օգտատերերը, առավել հաճախ ուրախ՝ ժպտացող էմոջիներ են ուղարկում: Երկրորդ տեղում ամենատարբեր սրտիկներն են, ապա՝ տխուր սիմվոլները: Գերմանացիների շրջանում վերջին տեղում ծափահարություն կամ խաղաղություն խորհրդանշող պատկերներն են: Անգամ փող խորհրդանշող պատկերների կիրառության հարցում գերմանացի օգտատերերը ֆրանսիացիների հետ միասին վերջին տեղում են, իսկ կենդանիներից ամենից հաճախ մկնիկ են ուղարկում: 
 Սակայն ի՞նչ նշանակություն ունեն այս տվյալները: Արդյո՞ք մենք բոլորս ընդամենը լավ տրամադրություն ունեցող զվարճասերներ ենք,-հարցնում է թերթը: 
 Միխայել Բայսվենգերը Սվիֆտքեյի ուսումնասիրությունը չափազանց լուրջ է ընդունում: «Անշուշտ տեղին կլիներ այլ վերլուծություններ կատարել: Ով ցանկանում է հասկանալ, թե այդ տվյալներն իրականում ինչ են նշանակում, պետք է էմոջիների կիրառության համատեքստը վերլուծի: Միայն լեզվական արտահայտությունների հետ միասին՝ որպես թվային հաղորդակցության մաս, էմոջիները բացահայտում են իրենց ողջ ներուժը»:


Գերմաներենից թարգմանությունը Զարուհի Բաբաջանյանի

Комментариев нет:

Отправить комментарий