3 февр. 2014 г.

Թվային միջոցների կիրառումը դասապրոցեսում



Երկար-բարակ մտածեցի, թե հատկապես ինչպես ու որտեղից սկսեմ այս փոքրիկ հոդվածը ու որոշեցի պատմել ամեն բան, ինչպես ասում են հերթով, շարքով: 


Եվ այսպես… սկսվեցին Դիջիթեք 2014-ի նախապատրաստական աշխատանքները: Անկեղծ ասած` սա բոլորովին նոր մի բան էր իմ կյանքում. արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ուր մի քանի ամիս է, ինչ աշխատում եմ, ինձ համար նոր ու նախկին փորձառությունիցս տարբեր է ամեն ինչ: Դե ինչ….Դիջիթեքի մեկնարկը տրված էր, ու ես էլ սկսեցի պատրաստվել… Հենց այդ ժամանակ էլ ստացա առաջարկ` հարցում կատարել Գերմանիա` տեղի դպրոցներում թվային տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Ժամանակ չկորցնելով` հենց նույն օրը նամակ գրեցի գերմանացի` ինձ ծանոթ մի ռեժիսորի, ում հետ միասին արդեն մի քանի ֆիլմեր ենք պատրաստել Հայաստանի մասին: Դանիելի (այդպես է ռեժիսորի անունը) պատասխանը երկար սպասել չտվեց: Նա էլ իր հերթին նամակը ուղարկել էր Գերմանիայի Քյոլն քաղաքի դպրոցներից մեկի իր ծանոթ ուսուցչին, ով չէր զլացել և պատասխան նամակում հակիրճ ներկայացրել էր Գերմանիայի դպրոցներում թվային տեխնոլոգիների կիրառման իր և այլոց` իրեն հայտնի փորձը:


Ահա, թե ինչ է գրում Դիրկ Բյոգեմանը Գերմանիայի Քյոլն քաղաքից.


«Իսպաներենի և պատմության իմ դասաժամերին պարբերաբար, նվազագույնը շաբաթական մեկ անգամ կիրառում ենք թվային տեխնոլոգիաներ (տնային առաջադրանքների կատարման կամ ռեֆերատների պատրաստման համար): Ռեֆերատները մասամբ ներկայացվում են Powerpoint պրեզենտացիայի տեսքով:


Ուսումնական պրոցեսում թվային տեխնոլոգիաների կիրառման առավելությունները` բազմաթիվ աղբյուրների արագ հասանելիությունը, արդիականությունը, աշակերտների մեդիահմտությունների զարգացումն են:


Այլ առարկաների դեպքում (օր. կենսաբանություն, քիմիա) ուսուցիչներն ու աշակերտները կիրառում են նաև դպրոցական low Net, ուր տեղադրվում են առաջադրանքներ աշակերտների համար:


Վերջերս տեղադրվել են բազմաթիվ թվային գրատախտակներ, որոնք, սակայն, առայժմ հազվադեպ են օգտագործվում»:


Վերջում հավելեմ նաև իմ կարծիքը դասապրոցեսում թվային միջոցների օգտագործման վերաբերյալ: Պետք է նշեմ, որ ինքս նույնպես կրթահամալիրում իմ դասերի ընթացքում հաճախ եմ կիրառում թվային միջոցներ, ինչի շնորհիվ կարողանում եմ օգտվել բազմաթիվ աղբյուրներից և արագ գտնել անհրաժեշտ նյութը կամ տեղեկությունը ու ներկայացնել այն աշակերտներին, խնայել ժամանակ, առավել հետաքրքիր կազմակերպել և անցկացնել դասը, զարգացնել սեփական մեդիահմտություններս և նպաստել աշակերտների մեդիահմտությունների զարգացմանը: 


Այսպիսով` պարոն Բյոգեմանի խոսքերը և իհարկե մեր կուտակած փորձը թույլ են տալիս հաստատել ուսումնական պրոցեսում թվային ամենատարբեր միջոցների կիրառման արդյունավետությունը:

Комментариев нет:

Отправить комментарий